«ՄԵԼԻՆԵԻ ՊԱՐՏԵԶԻ» ՏԻՐՈՒՀԻՆ

Photo credit: Konstanze Nastarowitz

Photo credit: Konstanze Nastarowitz

ԳՈՐԾԱՐԱՐ  ԿԱՆԱՅՔ

«ՄԵԼԻՆԵԻ ՊԱՐՏԵԶԻ» ՏԻՐՈՒՀԻՆ

«Փոքր հողատարածքներից ևս կարելի է ստանալ բարձր արդյունք` վարելով արդյունավետ գյուղատնտեսություն, միաժամանակ ճիշտ ընտրելով մշակաբույսերը»,- այս կարծիքին է երիտասարդ մասնագետ Թալին Քեվոնյանը, ով Հայաստան է եկել ԱՄՆ-ից` հայրենիքին օգտակար լինելու առաքելությամբ:

   Հիմնելով «Մելինեի պարտեզ» ընկերությունը՝ երիտասարդ գործարարն անմիջապես ձեռնամուխ է լինում` սկզբում փորձարկման, այնուհետև` արտադրություն կազմակերպելու նպատակով, Հայաստանի տարբեր հողատարածքներում կազմակերպել սագախոտի արտադրություն: «Սագախոտն ունի հնագույն ծագում: Ինկերը և ացտեկներն այն համարում էին հացահատիկների մայրը, քանի որ եփված սագախոտի մեկ բաժակը կարող է լրացնել առօրյա սննդի բաժինը: Այդ պատճառով ՄԱԿ-ը 2013թ.-ը հայտարարեց սագախոտի տարի: Սակայն, երկար ժամանակ այն տարածում չուներ, այժմ այդ բուսատեսակն աճեցվում է Պերույում, Էկվադորում, Տիբեթում և այլ երկրներում: Այժմ ոչ ավանդական այս մշակաբույսն աճեցվում է  նաև Հայաստանում»,- պատմում է Թալին Քեվոնյանը:

Ցանքի և մշակության ընթացքում նոր տեխնոլոգիաներ չեն կիրառվում, աշխատանքներն ամբողջությամբ կատարվում են ձեռքով: Նպատակն այն է, որպեսզի աշխատանքներում ներգրավվեն մեծ թվով մարդիկ և աշխատանք ունենան: Փորձնական և արտադրական ցանքեր են կատարվել ՀՀ Տավուշի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում: Ընտրվել են հիմնականում այն մարզերը, որոնց բնակլիմայական պայմանները նպաստավոր են այս մշակաբույսի աճեցման համար: Բացի այդ, այն նաև սոցիալական ծրագիր է հետապնդում, քանի որ նշված մարզերի բնակիչները սոցիալական ապահովման խնդիր ունեն: «Չպետք է ասել, թե Հայաստանում աշխատատեղեր չկան, կամ էլ` «Ես մասնագիտություն չունեմ»: Կարելի է ներգրավվել հենց սագախոտի մշակության աշխատանքերում, միայն ցանկություն է պետք: Աշխատանքներն, իհարկե, բարդ են ու դժվարին, սակայն, եթե մարդը պատրաստ է աշխատելու, կարող է իր ձեռքերով բարիք ստեղծել»,- եզրահանգում է Թալինը, ապա հավելում, որ սա իր բիզնեսն է, և հակված է այնպես կազմակերպել աշխատանքները, որպեսզի ներդրված գումարներն արդյունքով վերդառնան:

   Սագախոտի արտադրության կազմակերպումը պայմանավորված է այս մշակաբույսի մի շարք օգտակար հատկանիշներով: «Այն իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ ածխաջրեր, B խմբի վիտամիններ, օրգանիզմի համար չափազանց կարևոր բջջանյութ: Որքան էլ զարմանալի է, այն իր մեջ պարունակող ֆոսֆորի քանակով անգամ գերազանցում է շատ ձկնատեսակների: Երկաթի պարունակությամբ գերազանցում է ցորենին, բաղադրության մեջ կա նաև մագնեզիում, ցինկ և կալիում: Սագախոտի մեջ սպիտակուցի պարունակությունը հասնում է 16,2 %-ի, գերազանցում է բրնձին, ցորենին, եգիպտացորենին և այլ հատիկավորներին: Ի տարբերություն բրնձին և ցորենին՝ սագախոտի սպիտակուցի կառուցվածքը շատ մոտ է կաթի սպիտակուցի կառուցվածքին: Ի դեպ, սագախոտը կարող է օգտագործվել երեխաների կերակրացանկում` սկսած 8-10 ամսականից, քանի որ այն իր մեջ պարունակում է մանկական օրգանիզմին անհրաժեշտ սպիտակուցներ և ամինաթթուներ»,- պատմում է մասնագետը: Հավելենք նաև, որ սագախոտն աչքի է ընկնում նաև մանրաթելերի բարձր տեսակարար կշռով, հարուստ է օմեգա 3-ով: Ի դեպ, կարևոր հանգամանք է նաև այն, որ այս բույսը գենետիկորեն մոդիֆիկացված սննդամթերք չէ և ունի բարձր սննդային արժեք:

IMG_2584-copy-2Մասնագետների վկայությամբ, այն լավացնում է մարսողությունը, նյութափոխանակությունը, արյան շրջանառությունը, պայքարում է ավելորդ քաշի և վաղաժամ ծերացման դեմ: Բույսը հարուստ է A, C, E, Bվիտամիններով, սելենով, լեցետինով և այլն: Իսկ հակաօքսիդանտների բարձր քանակության շնորհիվ այն նաև ունի հակաբորբոքային, հակասթրեսային, հակավիրուսային և հակաքաղցկեղային ազդեցություն, չի պարունակում սոսնձանյութ: IMG_2573-copy-1024x683Սագախոտն ունի ցածր գլիկեմիկ ինդեքս, որը լավ է արյան ճնշման կարգավորման համար: «Կա սև, սպիտակ և կարմիր տեսակի սագախոտ, որոնց մեջ սննդային տարբերություններ չկան: Պատրաստվում է հեշտ և արագ: Կարելի է օգտագործել աղցանների, ապուրների, ձվածեղի, ինչպես նաև բոլոր ուտեստների մեջ` փոխարինելով բրնձին, բլղուրին և հնդկաձավարին»,- նշում է Թալինը:

Շուրջ 20 տարի է, ինչ Թալին Քեվոնյանը հոգով սրտով կապված է հայրենիքին, հաճախակի է այցելում  Հայաստան: Նա ուզում է, որ հայրենիքը տնտեսապես լինի հզոր, գյուղմթերքների իր արտադրանքով ներկայանալի լինի միջազգային հանրությանը, իսկ Հայաստանում մարդիկ աշխատանք ու զբաղվածություն ունենան: Լինելով հայրենասեր՝ Թալինը հաճախ է այցելում տարբեր երկրներ, պատմում Հայաստանի մասին, որպեսզի արտերկում նույնպես իրազեկված լինեն ոչ միայն Հայաստանի հարուստ մշակույթի, այլև՝ գյուղատնտեսության զարգացման բնագավառում ունեցած առաջընթացի և հաջողությունների մասին:

Երազանքներ ու ձգտումներ շատ ունի երիտասարդ գործարարը, որոնց հասնելու համար նա իր նյութական ներդրումներն է կատարում, այդպիսով` փոքր-ինչ նպաստելով իր երկրի բարօրությանն ու տնտեսական վիճակի բարելավմանը:

                                                                                                Նելլի Սահակյան

 

Աղբյուրը՝ http://minagro.am/public/uploads/2016/11/29-2016.pdf