ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻՑ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԱԾ ԹԱԼԻՆ ԳԵՒՈՆԵԱՆԻ ՀԵՏ

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

«Հայաստանում Բացայայտեցի Կարողութիւններս…»

ՍԵՒԱԴԱ ՍԱՖԱՐԵԱՆ

Ասպարէզ»ի զրուցակիցը Լոս Անջելեսից հայրենադարձուած Թալին Գեւոնեանն է, ով «Մելինէի Պարտէզ» ընկերութեան հիմնադիրն է: Վերջին տարիներին Հայաստանում ակտիւ գիւղատնտեսական աշխատանքներ կատարելով՝ այսօր նա հայկական շուկայում արդէն ունի սեփական արտադրանքը. խօսքը վերաբերում է «Քինուա» («Սագախոտ») հացահատիկի արտադրութեանը: Ի շնորհիւ մեր հայրենակցուհու՝ Հայաստանի 6 մարզերում արդէն աճեցւում է սագախոտը՝ իր 3 գոյներով:

ՍԵՒԱԴԱ ՍԱՖԱՐԵԱՆ.- Ողջո՛յն Թալին, որտեղի՞ց են սերում ձեր արմատները:

ԹԱԼԻՆ ԳԵՒՈՆԵԱՆ.- Ողջո՛յն: Հայրս ծնուել եւ մեծացել է Լիբանանում, մայրս՝ Սիրիայում: Տարիներ անց մայրս տեղափոխուել է Բէյրութ, որտեղ ծանօթացել է հօրս հետ, եւ նրանք ամուսնացել են: 1976 թուականին պատերազմի պատճառով ծնողներս տեղափոխուել են Միացեալ Նահանգներ: Ես ծնուել եմ Լոս Անջելես քաղաքում:

ՍԵՒԱԴԱ ՍԱՖԱՐԵԱՆ.- Ինչպիսի՞ն են մանկութեան յիշողութիւնները, ի՞նչ կրթութիւն էք ստացել:

ԹԱԼԻՆ ԳԵՒՈՆԵԱՆ.- Շատ հետաքրքիր յիշողութիւններ ունեմ մանկութեանս տարիներից: Յաճախել եմ Հռիփսիմեանց վարժարան: Համալսարանական կրթութիւնս սկսել եմ Կալիֆորնիայի համալսարանի Սոցիոլոգիայի (ընկերաբանութեան-Խմբ.) բաժնում: Աւարտելուց յետոյ ուժերս փորձել եմ նաեւ նորաձեւութեան ոլորտում, սակայն ժամանակի ընթացքում որոշեցի զբաղուել մասնագիտութեանս աւելի մօտ գործով:

ՍԵՒԱԴԱ ՍԱՖԱՐԵԱՆ.- Ինչպէ՞ս կատարեցիք ձեր առաջին քայլերը դէպի հայրենիք:

ԹԱԼԻՆ ԳԵՒՈՆԵԱՆ.- Հայաստան այցելել եմ 1996 թուականից սկսած, իսկ 2004 թուականին աշխատանքի առաջարկ ստացայ եւ տեղափոխուեցի: Աշխատել եմ կանանց իրաւունքների պաշտպանութեամբ զբաղուող հասարակական կազմակերպութիւնում, յետոյ՝ «Ոսկէ Ծիրան»ում: Այնուհետեւ որոշեցի մեկնել Փարիզ՝ ուսումս շարունակելու: Այնտեղ սովորեցի միանգամից երկու մագիստրոսական ծրագրեր՝ Կոնֆլիկտաբանութիւն եւ Միջազգային կապեր: Պրակտիկա (գործնական փորձառութիւն-Խմբ.) ձեռք բերելու նպատակով մեկնեցի Բրազիլիա եւ կամաւորական հիմունքներով աշխատեցի Բրազիլիայում Հայաստանի հիւպատոսութիւնում: Դրանից յետոյ տեղափոխուեցի Ամերիկայի Միացեալ Նահանգներ, որտեղ ստացայ 3րդ մագիստրոսական կոչումս՝ «Միջազգային զարգացում» մասնագիտութեամբ եւ այնտեղ մնացի շուրջ 9 տարի: 2015 թուականին «Մելինէի Պարտէզ»ը հիմնելու գաղափարով վերադարձայ Հայաստան եւ հայրիկիս աջակցութեամբ սկսեցի այդ ոլորտում կատարել առաջին քայլերս:

1220talinkevonian4

ՍԵՒԱԴԱ ՍԱՖԱՐԵԱՆ.- Ինչո՞ւ ընտրեցիք հէնց գիւղատնտեսութեան ոլորտը, ի՞նչը առիթ հանդիսացաւ՝ մուտք գործելու հէնց այդ դաշտը:

ԹԱԼԻՆ ԳԵՒՈՆԵԱՆ.- Եղել եմ մօտ 49 երկրներում, սակայն Հայաստանն ինձ համար առանձնայատուկ է իր աւանդոյթներով, Հայոց բանակով,  Հայաստանին իւրայատուկ խորովածով եւ Վարդավառով: Նման պատկեր մէկ այլ երկրում երբեք չես տեսնի: Իհարկէ, Հայաստանում աշխատանք գտնելը անհամեմատ դժուար է, ուստի որոշեցի այնպիսի մի քայլ անել, որպէսզի կարողանամ ինչ-որ չափով նպաստել աշխատատեղերի ստեղծմանը:  Հայաստանը, ցաւօք, վտանգների եւ սահմանների փակման դէպքերում չունի սննդի անվտանգութեան ապահովման անհրաժեշտ քանակութիւն: Փորձեցի հէնց այդ ոլորտից էլ սկսել, որպէսզի կախուածութիւնը՝ օտարերկրեայ պետութիւններից ներմուծումը, հնարաւորինս կրճատենք: Փորձում ենք Հայաստանը գիւղատնտեսութեան ոլորտում դարձնել հնարաւորինս անկախ երկիր:

ՍԵՒԱԴԱ ՍԱՖԱՐԵԱՆ.- Հայաստանի ո՞ր մարզից սկսեցիք ձեր գործը:

ԹԱԼԻՆ ԳԵՒՈՆԵԱՆ.- Առաջին քայլերս սկսեցի Սիւնիքի մարզից: Մի ծանօթ ունէի, ով բնակւում էր հէնց այնտեղ: Առաջին համագործակցութիւնս դա էր: Հողատարածքները օգտագործեցինք հացահատիկների ցանման համար: «Մելինէի Պարտէզ»ի համար շատ կարեւոր էր այդ շրջանը, սահմանների պաշտպանութիւնը ամրապնդելու եւ ներգաղթը հնարաւորինս կասեցնելու առումով:

ՍԵՒԱԴԱ ՍԱՖԱՐԵԱՆ.-Բացի Սիւնիքից՝ էլ ո՞ր մարզերում էք հողատարածքներ վերցրել:

ԹԱԼԻՆ ԳԵՒՈՆԵԱՆ.- Ներկայումս 6 մարզերում կատարել ենք ներդրումներ՝ Շիրակում, Տաւուշում, Լոռիում, Կոտայքում, Վայոց Ձորում եւ Սիւնիքում: 2019 թուականին նախատեսում ենք հողատարածքներ մշակել մասնաւորապէս Գեղարքունիքում, այնուհետեւ՝ Արցախում. այնտեղ գիւղատնտեսական տեխնիկան աւելի նորացուած է եւ, կարծում եմ, աւելի հեշտ կը լինի բերք ստանալ:

1220talinkevonian3

ՍԵՒԱԴԱ ՍԱՖԱՐԵԱՆ.- Թալի՛ն, կը խնդրէի պատասխանել, թէ այս տարիների ընթացքում ի՞նչ ձեռքբերումներ էք ունեցել եւ մօտաւորապէս քանի՞ աշխատատեղ է ստեղծուել: Հետաքրքիր է նաեւ, թէ ի՛նչ սպասելիքներ ունէք Արցախում:

ԹԱԼԻՆ ԳԵՒՈՆԵԱՆ.- Պէտք է նշեմ, որ մենք ի սկզբանէ հողատարածքները չենք գնում կամ վարձակալում: Համագործակցում ենք այն հողատէրերի, ֆերմերների հետ, ովքեր հետաքրքրուած են իմ առաջարկով: Ես սերմը տրամադրում եմ նրանց, այնուհետեւ նրանք այդ սերմից ստացուած բերքը ամբողջապէս վաճառում են «Մելինէի Պարտէզ»ին: Այս տարիների ընթացքում հիմնական ձեռքբերումս կարող եմ համարել հետաքրքրուողների աճը եւ տարածքային առումով ընդլայնումը: Աշխատատեղերի առումով հիմնականում այսպէս է՝ մէկ տարուայ ընթացքում ես համագործակցում եմ 4-5 ֆերմերի հետ, իսկ 1 հեկտարի համար պահանջւում  է 35-40 կին աշխատող: Ինչ վերաբերում է Արցախին, կարծում եմ, որ պէտք է սպասումներս արդարանան, քանի որ փորձն ունենք արդէն:

ՍԵՒԱԴԱ ՍԱՖԱՐԵԱՆ.- Թալի՛ն, ասացիք, որ տարբեր երկրներում էք եղել: Արդեօք ուսումնասիրե՞լ էք այդ երկրների գիւղատնտեսութեան ոլորտը եւ Հայաստանում կարո՞ղ է իրականացուել նրանց փորձը:

ԹԱԼԻՆ ԳԵՒՈՆԵԱՆ.- Բնականաբար, մինչեւ գործը ստանձնելը, բազմաթիւ գրքեր եւ յօդուածներ եմ կարդացել, հանդիպել ոլորտի մասնագէտների հետ, գնացել եմ տարբեր երկրների մասնագիտացուած համալսարաններ եւ հանդիպումեր ունեցել տարբեր պրոֆեսորների հետ: Եղել եմ Հարաւային Ամերիկայում, քանի որ այդ տարածաշրջանը համարւում է հէնց քինուայի հայրենիքը, ուսումնասիրել եմ այնտեղի փորձը: Այնուհետեւ դիմել էի արտասահմանեան մի կազմակերպութեան, որի շրջանակներում մի հոլանդացի մասնագէտ եկաւ եւ ուսումնասիրութիւններ կատարեց, որից յետոյ ես ուղեւորուեցի այնտեղ: Կարծում եմ՝ փորձի փոխանակումը էական նշանակութիւն ունի ցանկացած երկրում:

1220talinkevonian2

ՍԵՒԱԴԱ ՍԱՖԱՐԵԱՆ.- Կ՛ա՞յ տարածաշրջան, որտեղի փորձը կը ցանկանայիք ներդնել Հայաստանում:

ԹԱԼԻՆ ԳԵՒՈՆԵԱՆ.- Այո՛, Եւրոպայի, քանի որ այդ տարածաշրջանի բնակլիմայական պայմաններն աւելի մօտ են Հայաստանի կլիմեային: Ճիշդ է, քինուա տեսակը հիմնականում հարաւամերիկեան արտադրանք է, բայց եւրոպական մի շարք երկրներ վերամշակում են այն, եւ փորձում ստանալ յատուկ տեսակ: Հայաստանը եւս, իր հերթին, փորձում է ստանալ առանձին տեսակ, ներկայումս հայկական շուկայում գոյութիւն ունի քինուայի 3 գոյն:

ՍԵՒԱԴԱ ՍԱՖԱՐԵԱՆ.- Հետաքրքիր է՝ հայկական քինուան արտահանւո՞ւմ է օտարերկրեայ շուկաներ:

ԹԱԼԻՆ ԳԵՒՈՆԵԱՆ.- Դեռ՝ ոչ, որովհետեւ հայ ֆերմերները սկզբնական շրջանում քիչ հողատարածք են վերցնում քինուա ցանելու համար, այդիսկ պատճառով արտադրանքիս ծաւալները դեռ այդքան էլ շատ չեն: Բնականաբար, իրենց էլ եմ հասկանում, քանի որ փորձ չունեն, եւ ռիսկային են համարում միանգամից մի քանի հեկտար հողատարածք տրամադրել:

ՍԵՒԱԴԱ ՍԱՖԱՐԵԱՆ.- Հացահատիկի մշակման համար նպաստաւո՞ր են արդեօք Հայաստանի կլիմայական պայմանները:

ԹԱԼԻՆ ԳԵՒՈՆԵԱՆ.- Հայաստանը շատ լաւ կլիմայական պայմաններ ունի: Ցանկացած հացահատիկ կամ այլ մշակաբոյս կարող ես ցանել: Եւ, ի վերջոյ, գոյութիւն ունեն ջերմոցներ, որոնք հնարաւորութիւն են ստեղծում զբաղուել բանջարեղէնի տարբեր տեսակների աճեցմամբ: Այսօր, այդ առումով, հեշտ է բերք ստանալ:

ՍԵՒԱԴԱ ՍԱՖԱՐԵԱՆ.- «Քինուա» տեսակի հացահատիկն ինչպիսի՞ բուժիչ յատկութիւններ ունի եւ ինչպիսի՞ կիրառում՝ դեղորայքի պատրաստման գործում:

ԹԱԼԻՆ ԳԵՒՈՆԵԱՆ.- Քինուան ունի մի շարք բուժիչ յատկութիւններ, մասնաւորապէս այն կանխարգելում է օրգանիզմում քաղցկեղածին բջիջների առաջացումը եւ դրանց արագ տարածուելը, շաքարային դիաբետ ունեցող մարդկանց եւս խորհուրդ է տրւում, քանի որ կարգաւորում է ինսուլինի քանակն օրգանիզմում: Այն նաեւ խորհուրդ է տրւում յատուկ սննդակարգով ապրող մարդկանց: Քինուան հարուստ է բջջանիւթով, կալցիումով, մագնեզիումով, ցինկով, ֆոսֆորով, երկաթով: Որքան էլ, որ զարմանալի է, այն իր մէջ պարունակուող ֆոսֆորի քանակութեամբ գերազանցում է անգամ շատ ձկնատեսակների: Քինուան իր մէջ պարունակում է աւելի մեծ քանակութեամբ սպիտակուցներ եւ երկաթ քան այլ հացազգիները: Բացի այդ՝ սագախոտի սերմերը պարունակում են բարձր քանակութեամբ լեցիտին եւ սելեն, որոնք պայքարում են բջիջների կոշտացման եւ քայքայման դէմ եւ անհրաժեշտ են օրգանիզմի առողջութեան համար: Քինուան  համարւում է աշխարհում ամէնից օգտակար սննդատեսակներից մէկը. գիտակցելով սագախոտի դերը սովի, թերսնման եւ աղքատութեան վերացման գործընթացում՝ ՄԱԿի Պարէնի եւ գիւղատնտեսութեան կազմակերպութիւնը 2013 թուականը ճանաչել էր սագախոտի միջազգային տարի՝ յոյս ունենալով իրազեկել մարդկանց եւ նպաստել քինուայի արտադրութեան ու սպառման աւելացմանը: Սագախոտը այսօր մեծ տարածում ունի ամբողջ աշխարհում եւ իր ուրոյն տեղն է գտել շատերի սննդակարգում՝ փոխարինելով այլ հացահատիկների եւ գունագեղ տեսք հաղորդելով սննդին: Սագախոտը կարող է օգտագործուել երեխաների կերակրացանկում՝ 8-10 ամսականից սկսած, քանի որ այն իր մէջ պարունակում է մանկական օրգանիզմին անհրաժեշտ սպիտակուցներ եւ ամինաթթուներ:

1220talinkevonian5

ՍԵՒԱԴԱ ՍԱՖԱՐԵԱՆ.- Բացի գիւղատնտեսութեան ոլորտից, էլ ո՞ր ոլորտներն էք համարում բաց՝ Հայաստանում ներդրումներ կատարելու տեսանկիւնից:

ԹԱԼԻՆ ԳԵՒՈՆԵԱՆ.- Իմ կարծիքով, բոլոր ոլորտներում էլ կարելի է ներդրումներ կատարել: Առհասարակ, ինչ ոլորտ էլ լինի, պէտք է կարողանաս սպառողին առաջարկել այլընտրաքային միջոց: Բնականաբար, ամէն ինչի կրկնութիւնից սպառողը յոգնում է, պէտք է կարողանալ միշտ այլ տարբերակներ մշակել:

ՍԵՒԱԴԱ ՍԱՖԱՐԵԱՆ.-Ամփոփելով 2018 թուականը՝ կը ցանկանայի, որ նշէիք այս տարուայ ընթացքում ունեցած ձեռքբերումները, եւ եթէ գաղտնիք չէ, բացայայտէիք 2019ին սպասուելիք ծրագրերը:

ԹԱԼԻՆ ԳԵՒՈՆԵԱՆ.- 2018 թուականին ոչ բոլոր ծրագրերը կարողացանք իրականացնել, սակայն 2019ին յուսանք՝ կը կարողանանք մի շարք նոր ծրագրեր իրականացնել: Մասնաւորապէս «Մելինէի Պարտէզ»ի գործունէութեամբ խթանել առողջ սննդի եւ ապրելակերպի մշակոյթի զարգացմանը: Ես Հայաստանում բացայայտեցի իմ կարողութիւնների չափը: Պէտք է ռիսկի դիմես եւ պատրաստ լինես յաղթահարելու ամէն մի դժուարութիւն:

ՍԵՒԱԴԱ ՍԱՖԱՐԵԱՆ.- Շնորհակալութիւ՛ն, Թալին. նոր ձեռքբերումներ եմ մաղթում գալիք՝ 2019 թուականին: